Форма входа

Категории раздела

Мои статьи [13]

Поиск

Мини-чат

Circle.Am
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources




Вторник, 19.09.2017, 14:32
Приветствую Вас Гость | RSS
Երկրի Զավակներ Հ.Հ.Մ Дети Ергира
Главная | Регистрация | Вход
Каталог статей


Главная » Статьи » Мои статьи

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՐՈՆԱՓՈԽ ՀԱՅԵՐԻ ԽՆԴՐՈՒՄ

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ
ԿՐՈՆԱՓՈԽ ՀԱՅԵՐԻ ԽՆԴՐՈՒՄ

Եթե մի օր Թուրքիան քանդվի, ապա դա կլինի ոչ թե զենքի միջոցով, այլ ինքնության խնդրի. ուշագրավ այս միտքը պատկանում է հանգուցյալ Հրանտ Դինքին:Այս համատեքստում ամենևին էլ պատահական չէր, որ Թուրքական պատմական ընկերության նախագահ, պալատական պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուի` սույն թվականի օգոստոսի 18-ին Կեսարիա քաղաքում կայացած սիմպոզիումի ժամանակ կրոնափոխ հայերի մասին արտահայտած մտքերն անմիջապես լայն արձագանք գտան թուրքական մամուլում և քաղաքական, գիտական, մտավորական շրջանակներում: Հիշյալ սիմպոզիումում Հալաչօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի քրդերի մեծ մասն ունի թուրքմենական ծագում, իսկ ալևի քրդերն իրականում կրոնափոխ հայեր են, որոնք առերես իսլամ են ընդունել և փոխել իրենց անունները` 1915թ. տեղահանությունից ազատվելու համար. Այսօր  բազմաթիվ մարդիկ, որոնք հայտնի են որպես քուրդ ալևի, ցավոք սրտի, հավատափոխ հայեր են: Մեր երկիրը մասնատել ձգտող PKK և  TIKKO8 ահաբեկչական կազմակերպության անդամներից շատերը հենց այս հայերն են: Այսինքն, ինչպես և մենք կարծում էինք, PKK-ն և  TIKKO-ն իրականում քրդական շարժումներ չեն:Այս խոսքերն անմիջապես ունեցան տարաբնույթ արձագանքներ: Բազմաթիվ կառույցներ, քաղաքական գործիչներ, կազմակերպություններ հանդես եկան ի պաշտպանություն ՙհալածյալ Հալաչօղլուի և ընդդեմ նրա նկատմամբ Լինչի դատաստանի: Հալաչօղլուի դեմ հանդես եկան մի շարք ալևիական կազմակերպություններ, մտավորականներ, պատմաբաններ` նրան որակելով PKK–Քրդական  բանվորական կուսակցություն, TIKKO–Թուրքիայի բանվորների և գյուղացիների ազատագրության  բանակ, որը ձախ ծայրահեղական կազմակերպություն է, ռասիստ, ոչ օբյեկտիվ և անհիմն խոսող գիտնական:Օրինակ, հայտնի գրող և լրագրող Մուրաթ Բելգեն արտահայտեց այն միտքը, թե իսլամ ընդունելու միջոցով փրկված այդ հայերի նման քայլը պատկերացում է տալիս, թե ինչ է եղել նրանց հետ, ովքեր չեն դիմել այդ քայլին:Փորձելով հակադարձել իր դեմ սկսված քննադատության ալիքը` Հալաչօղլուն հավելեց նաև, որ ունի իսլամացած հայերի ցուցակը և տիրապետում է նրանց մասին մանրամասն տվյալների: Իմ ձեռքին կան 100 հազար կրոնափոխ հայերի մասին մանրամասներ. նրանց նախկին հայկական անունը, թուրքական անունը, բնակության վայրը և այլն,–հայտարարել է նա` միևնույն ժամանակ ասելով, որ դա չպետք է ընկալվի որպես սպառնալիք: Բացի այդ, ըստ Հալաչօղլուի` ինքը և իր ղեկավարած Թուրքական պատմական ընկերությունը Հայոց ցեղասպանության պնդումների դեմ մի ամրոց են, և ներկայումս նա իր աշխատանքներում փորձում է տալ հայկական կողմի այն հարցի պատասխանը, թե ուր են մինչև 1915թ. այդ տարածքներում ապրող 1.500.000 հայերը: Պատմակեղծարարը գտնում է, որ իսլամացած հայերի մասին իր այդ գիտական աշխատանքը հենց այս հարցի պատասխանն է, և մատնացույց անելով մահից փրկվելու համար ստիպված իսլամ ընդունած հայերին` ասում է. ՙԱհա այդ անհետացած հայերը, նրանք չեն կոտորվել, և նշանակում է, որ հայկական կողմը մինչև այսօր սուտ է խոսել: Իմ ասածներն ուղղակի ոչնչացնում են հայկական սփյուռքի պնդումները: Թուրքիայում ապրող իսլամացած հայերի խնդիրը մի կարևոր մասն է կազմում էթնիկ ինքնության պրոբլեմի, և բնական է, որ թուրքական պետական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է այդ թեման օգտագործել հօգուտ իրեն: Ավելորդ չէ նշել, որ իսլամացած հայերի խնդրի այսօրինակ շահարկումը, փաստերի խեղաթյուրումը և նման անտրամաբանական եզրակացության հանգելը սպասելի էին շատերի, համենայնդեպս` մասնագետների համար: Սակայն, կարևոր է դիտարկել, որ Հալաչօղլուի պնդումները լուրջ չեն ընկալվում նաև որոշ թուրք պատմաբանների կողմից, և կարծում ենք` այստեղ ավելորդ չէ մեջբերել հայտնի թուրք պատմաμան Թաներ Աքչամի հետևյալ միտքը. 1915 թվականին իրենց կյանքը փրկելու համար որոշ հայեր ընդունել են մուսուլմանություն: Սրան սկզբնապես թույլտվություն է տրվել, սակայն հետո, երբ գնալով ավելի մեծ թվով հայեր սկսեցին իսլամ ընդունել, հատուկ հրամանով արգելվեց կրոնափոխությունը: Ավելին, օսմանյան արխիվներում պահպանվել են ժամանակի բարձրաստիճան շատ թուրք պաշտոնյաների, առավելապես ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի, Հայոց
ցեղասպանության տարիներին հայերի կրոնափոխությանը վերաբերող հրամանները և գրագրությունը: Այսպես, 1915թ. հուլիսի 1-ին տարμեր նահանգապետարաններ և գավառապետարաններ ուղարկած հրամանում Թալեաթը պահանջում է հաշվի չառնել կրոնափոխությունը և նախապես որոշված վայրեր աքսորել նաև իսլամ ընդունած հայերին:Թուրքիայի ՙՓերի՚ հրատարակչության սեփականատեր Ահմեթ Օնալը, ով ծնվել է Բինգյոլի Քըղի գավառի, ներկայումս Դոշլուջե անունով, նախկին հայկական Սըղանք գյուղում և որի տատը հայուհի է, հաստատելով այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ժամանակ իրոք որոշ հայեր իսլամ ընդունելու միջոցով փրկել են իրենց կյանքը, ասում է. Իհարկե, որոշ հայեր փրկվել են` ներկայանալով քուրդ ալևի: Օրինակ, Դերսիմի Մալազգիրթ գավառի Գարսանլար աշիրեթում կան հայեր, որոնք ողջ են մնացել, քանի որ ներկայացել են որպես քուրդ ալևի, սակայն այս փաստը հնարավոր չէ ընդհանրացնել: Իսկ Թուրքիայում մեծ ճանաչում ունեցող ՙԹոփլումսալ թարիհ ամսագրի նախկին խմμագիր Օսման Քոքերը նշում է, որ հայերն իսլամացվել են ոչ միայն 1915թ., այլև սկսած այն ժամանակվանից, երμ թյուրքերը հայտնվել են Անատոլիայում: Քոքերը նույնպես անհիմն է համարում Հալաչօղլուի պնդումները և կարծիք հայտնում, որ առնվազն անլուրջ է կարծել, թե հայերը կարող էին փրկվել այդպիսի պարզունակ միջոցով, այն է` հայտարարելով, թե քուրդ են կամ ալևի: Ըստ նրա` պետությունը մանրամասն գիտեր, թե որ գյուղերն են հայկական,  որոնք` քրդական: Քոքերը պնդում է նաև, որ հայ կանանց և որբերի իսլամացումը այն ժամանակվա պետական քաղաքականության  բաղկացուցիչ մասն է եղել:Հայտնի փաստ է, որ որոշ հայեր իսլամ ընդունելու միջոցով փրկվել են կոտորվելուց,  բայց Հալաչօղլուի պնդումները, թե այդպիսով հայերն ազատվել են կոտորածից և ցեղասպանություն չի եղել` դուրս է ոչ միայն գիտականության, այլև` տրամաμանության սահմաններից:Գալով քուրդ ալևիների, զազաների շրջանում կրոնափոխ հայերի առկայության խնդրին` նշենք, որ դա հաստատող փաստեր կան, և 1915թ. Հայոց ցեղասպանության տարիներին, իրոք, բազմաթիվ հայեր (տարμեր տվյալներով` 20-50 հազար) ապաստան են գտել Դերսիմի ալևիների մոտ:Հատկապես Դերսիմի ընտրությունը, ըստ տարբեր հեղինակների, պայմանավորված էր այն հանգամանքով, որ պատերազմի մեջ գտնվող օսմանյան  μանակը շատ մեծ վերահսկողություն չի ունեցել այդ տարածքների վրա, ինչն էլ հնարավորություն է տվել տեղացիներին պատսպարել հայերին: Թուրքիայի դերսիմցի ալևիների հետ մեր անձնական շփումների արդյունքում տեղեկացել ենք, որ, օրինակ, մինչև այսօր էլ նրանց շրջանում տարածված է մի դարձվածանման միտք` Մեր տան հայը, որը կարելի է ընդունել հայերին իրենց տներում ապաստան տալու ուղղակի վկայություն և հիշողություն: Ուշադրության արժանի է նաև Հալաչօղլուի հայտարարության առաջացրած արձագանքների մեկ այլ նրբերանգ ևս: Պատմակեղծարարը հայտարարել էր, որ ունի հայ հավատափոխների ցուցակները, որոնք պատրաստվել են բծախնդրությամբ, ավելին` ՙպետությունը տուն առ տուն շրջելով արձանագրել է այս մարդկանց: Հարցը հետաքրքիր ենթատեքստ է ձեռք μերում նաև այն պատճառով, որ Հալաչօղլուն խուսափում է նշել կոնկրետ աղբյուրը: Բնականաբար, հարց է ծագում. եթե այդ մարդկանց արձանագրել է պետությունը, ապա դա պետք է արված լիներ պետական օղակների և դրանց հատկացված գործառույթների միջոցով: Իսկ մարդկանց արձանագրելու ընդունված տարբերակներից է մարդահամարը:Ինչպես վկայում են տարբեր փաստեր, թուրքական պետությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահել կրոնափոխ կամ ծպտյալ հայերի խնդիրը և պարբերաբար մանրամասն ուսումնասիրություններ իրականացրել:Հայտնի է, որ Թուրքիայում առաջին անգամ մարդահամար անցկացվել է 1927թ., որից հետո` սկսած 1935թ.-ից, որոշում է ընդունվել մարդահամար անցկացնել հինգ տարին մեկ: Սակայն, թուրքական աղբյուրներում հանդիպում ենք տվյալների, որոնք ապացուցում են, որ, օրինակ, 1935թ. Թուրքիայում անցկացվել են նաև կրկնակի մարդահամարներ: Այսպես, թուրքական ՙՌեֆերանս՚ թերթի 2007թ. սեպտեմμերի 8-ի համարում, Բահադիր Օզգյուրի վերլուծական հոդվածում, մեջբերված են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արձանագրությունների մատյանում պահվող հետևյալ փաստերը. 1934թ. մայիսի 29-ին Թուրքիայի մեջլիսն ընդունել է թիվ 2465 օրենքը, որով նախատեսվում էր 1935թ. մարդահամար անցկացնել: Սակայն, ուշագրավ է, որ դրանից մոտ մեկ ամիս անց նույն մեջլիսն ընդունել է թիվ 2576 օրենքը ՙգաղտնի  բնակչության՚ մարդահամարի մասին, որն ուժի մեջ է մտել նույն թվականի հունիսի 15-ին: Այսպիսով, անցկացվել է երկու տեսակի մարդահամար, և ՙգաղտնի  բնակչության՚ մարդահամարն ավարտվել է 1935թ. հուլիս ամսին, իսկ համընդհանուր՚-ն անցկացվել է նույն թվականի հոկտեմբերին: Վերոնշյալ օրենքը  բաղկացած է եղել 12 հոդվածից,որոնցից առաջինը պահանջում էր, որ  բոլորը 1,5 ամսվա ընթացքում տեղեկացնեն իրենց տանը կամ ենթակայության տակ գտնվող գաղտնի  բնակչության մասին, չորրորդ հոդվածը 1-10 լիրա պատիժ էր սահմանում ճիշտ տեղեկություն չտվողների համար: Բնականաբար, ՙգաղտնի բնակչության՚ մարդահամար անցկացնելու պաշտոնական պատճառաբանությունը  բավական տրամաբանական էր, և չենք էլ բացառում, որ այդ մարդահամարներն իրոք ունեցել են նաև զուտ  μնակչության իրական քանակը որոշակիացնելու նպատակ: Սակայն միամտություն կլինի կարծել, թե այս ՙգաղտնի  բնակչության՚ մարդահամարի ընթացքում լրացուցիչ չի ճշգրտվել մուսուլմանների մոտ ապաստանած կամ հետագայում իսլամ ընդունած հայերի թվաքանակը: Պետության կողմից մանրամասն փաստեր հավաքելը, հատկապես Դերսիմ նահանգում ապրող կրոնափոխ հայերի մասին, մեր կարծիքով` ունեցել է կոնկրետ նպատակ: Հայտնի է, որ 1938թ. թուրքական պետությունը կազմակերպել է կոտորած Դերսիմում, և պատմելով այդ մասին` մեր զրուցակից դերսիմցի շատ ալևիներ մեջբերում էին իրենց ավագներից ու կոտորածի ժամանակակիցներից լսածները, որոնց համաձայն` այդ  ժամանակ թուրքական  բանակի թիվ մեկ թիրախը 1915թ. այնտեղ ապաստան գտած հայերն էին: Ինչպես նշեց մի տարեց զրուցակից. ՙ1915թ. կիսատ թողածը շարունակեցին 1938թ., և այդ կոտորածի ժամանակ սպանվեցին  բավական մեծ թվով կրոնափոխ հայեր:Նույն Թաներ Աքչամը նշում է, որ թուրքական պետությունը հենց սկզբից է միջոցներ ձեռնարկել ցեղասպանության տարիներին իսլամ ընդունած հայերին հետագայում տարբերակելու համար, և, օրինակ, համապատասխան մարմիններից պահանջվել է գրանցամատյաններում այդ հայերի անունների դիմաց հատուկ նշումներ անել և անձնագրերը լրացնել այնպես, որպեսզի հասկացվի նրանց հավատափոխ լինելը: Բնականաμար, դժվար է այս կարծիքի հետ չհամաձայնելը, քանի որ Հայոց ցեղասպանությունն ամենայն մանրամասնությամμ ծրագրել և իրականացրել է թուրքական պետական մեքենան: Միաժամանակ, անվիճելի է այն իրողությունը, որ Թուրքիայում հայերը` լինեն  բացահայտ, ծպտյալ թե իսլամացած, միշտ գտնվել են պետության լուրջ հսկողության ներքո և ընկալվել որպես պոտենցիալ վտանգ: Սա է փաստում նաև մի ուշագրավ տվյալ, որը  μոլորովին վերջերս հայտնվեց թուրքական մամուլում: Հայտնի է, որ 1980թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայում իրականացվեց ռազմական հեղաշրջում և իշխանությունն անցավ  բարձրաստիճան զինվորականներից կազմված Ազգային անվտանգության խորհրդի ձեռքը, որը տեղերում նշանակեց արտակարգ դրության հրամանատարներ, որոնք օժտված էին անսահմանափակ լիազորություններով£ Թուրքական ՙՌադիկալ՚ թերթի սույն թվականի հոկտեմμերի 4-ի համարում տպագրված հոդվածում մեջμերված է 1982թ. սեպտեմբերի 8-ի թվագիր մի փաստաթուղթ, որով արտակարգ դրության հրամանատարությունն անվտանգության ծառայությունից պահանջում է տարածքներում ստուգել, թե արդյոք կան հայեր կամ հայկական ծագմամբ մարդիկ, և եթե կան, ապա արձանագրել նրանց ու վերցնել հսկողության տակ: Նույն հոդվածում թուրքական անվտանգության ծառայության նախկին մի աշխատակից խոստովանում է. ՙԱրտակարգ դրության հրամանատարությունից մեզ գրավոր հրաման եկավ: Մենք ուսումնասիրեցինք մեր պատասխանատվության տակ եղած շրջանը, հարցրինք, թե արդյոք այնտեղ կան հայկական ծագում ունեցող քաղաքացիներ:Արտակարգ դրության ժամանակաշրջանն էր,  μոլորը վախենում էին, և քանի որ հայերը համարվում էին անջատողական, ուստի ոչ ոք չէր համարձակվում թաքցնել, և եթե կային, ապա հայտնում էին:Հետաքրքիր և կարևոր է դիտարկել Թուրքիայի կրոնափոխ հայերի խնդրի հրապարակայնացման արդեն նկատվող արձագանքները հենց իսլամացած հայերի շրջանակներում: Տասնամյակներ շարունակ իրենց իրական ինքնությունը թաքցրած կրոնափոխ հայերը կամ ավելի են ինքնամեկուսանում, կամ էլ հակառակը` գոտեպնդվում են այս ընդհանուր ալիքից, և նրանց գիտակցության մեջ որոշակի գործընթաց է սկսվում: Հենց դա են վկայում կրոնափոխ հայերի շրջանում վերջերս նկատվող որոշ երևույթներ: Արդեն  բավական վաղուց է, որ Ստամբուլում
տպագրվող ՙԱկոս՚ շաբաթաթերթում հանդիպում են տարբեր հայտարարություններ, պատմություններ, որոնք կապված են կրոնափոխ հայերի հետ: Նրանցից շատերը համարձակություն են ունենում հրապարակել իրենց ընտանիքների պատմությունները և փնտրել ազգականներին:Կրոնափոխ հայերի ինքնախոստովանական պատմությունները դարձել են նաև թուրքական մամուլի հետաքրքրության առարկան: Օրինակ, ՙՅենի Աքթուել՚ հանդեսի վերջին` 116 և 117-րդ   համարներում տեղ է գտել մի նյութ, որտեղ ներկայացված կոնկրետ մարդիկ համարձակություն են ունենում խոստովանել իրենց հայկական ծագման մասին, և քանի որ նրանց խոսքերը փաստացի հաստատումն են այն տեսական պնդումների, որ մենք ներկայացրել ենք, ուստի հարմար ենք գտնում մեջբերել դրանցից մեկը: Այսպես, համշենցի Քամիլ Մութին, ով 25 տարի զբաղվում է փաստաբանությամբ, ասում է. ՙՈմանք պնդում են, թե համշենցիները Միջին Ասիայից եկած թյուրքական ցեղերից են, սակայն ես կարծում եմ, որ դա այդպես չէ՚, և շարունակելով իր միտքը` որպես հայկական ծագում ունենալու ամենացայտուն գործոն է ներկայացնում լեզուն, այսինքն` Համշենի  բարբառը, որը դեռ օգտագործվում է: Ըստ նրա` համշենցիների մեծ մասը, գոնե արտաքուստ, մերժում է իր հայ լինելու մասին պնդումները, և դա կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիայում հայ լինելը կամ հայկական ծագում ունենալն ընկալվում է որպես վիրավորանք:Մինչ այժմ շարունակ ուրիշներն են մեր անունից խոսել: Պետք է ի հայտ հանել համշենցիների հայկական ծագում ունենալու մասին իրականությունը և տեր կանգնել այդ իրականությանը: Սակայն, մեր ժողովուրդը վախենում է հասարակության կողմից օտարացվելուց, և մեր հայկական ծագում ունենալը չպետք է պատճառ դառնա, որ մեզ մեկուսացնեն,– գտնում է համշենցի փաստաբան Քամիլ Մութին:Ինչպես ցույց են տալիս վերոնշյալ փաստերը, Թուրքիայում կրոնափոխ հայերի խնդրի հրապարակայնացումը պատճառ է դառնում տարաբնույթ և, միևնույն ժամանակ, հետաքրքիր բացահայտումների:

Ռուբեն Մելքոնյան
Категория: Мои статьи | Добавил: Goro (05.03.2010)
Просмотров: 596 | Теги: Eva Rivans, Победа, ԹՈՒՐՔԻԱՅԻ, Генацид, Турца, TURQA | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Copyright MyCorp © 2017